Տիգրան ՍարգսյանՀՀ վարչապետ
Պետական խորհրդանշանները յուրաքանչյուր երկրի ուրույն դիմագծի արտացոլումն են, ինչի միջոցով աշխարհին ճանաչելի է դառնում մի ողջ պետություն և ժողովուրդ: Պետական խորհրդանշանները բացառություն չեն. նրանք համազգային, պատմական, մշակութային արժեքներ են, որ մարմնավորում է դեպի անկախություն տանող մեր ընթացքը, անկախ պետականության հաստատումը, զարգացումն ու կայացումը:
Մենք հպարտանում ենք մեր դրոշով թե’ պաշտոնական հանդիպումների ու բանակցությունների ժամանակ թե’ մարզական բարձունքները նվաճելիս, թե’ գիտական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում հայի հաղթանակը ազդարարելիս: Պետական խորհրդանշանը մեր պաշտպանված թիկունքն է, մեր հաստատուն հենարանը, մեր գործերի օրհնությունը: Ի վերջո, սա մեր ողջ էությունն է` երեք գույներում ամփոփված:
Այս ճշմարտության գիտակցմամբ ու զգացողությամբ էլ ես աջակցում եմ ՀՀ պետական խորհրդանշանների ամենամյա տոն ունենալու և այդ տոնը մեծ հանդիսությամբ նշելու` ինձ ներկայացված ծրագիր-առաջարկին, որի գաղափարը ո’չ միայն խրախուսելի է, այլև ընդունելի ու իրագործելի: Հայկական տոնացույցում այսպիսի օր ունենալը նշանակում է` հերթական անգամ համախմբվել ազգային արժեքների շուրջ, վերարժևորել դրանք:
,

Հասմիկ Պողոսյան
ՀՀ մշակույթի նախարար
Հայոց օրհներգի, զինանշանի և դրոշի խորհուրդը թրծվել է ազգային վերազարթոնքի, Արցախյան ազատամարտի և պետականության կայացման բովում, ուստի պետական խորհրդանշանների համակողմանի ներկայացումը նշանակում է հանրության շրջանում ամրապնդել նշյալ իրադարձությունների գիտակցումը:
Ջերմորեն ողջունում եմ պետական խորհրդանշաններին նվիրված կայքի ստեղծումը և վստահություն հայտնում, որ այն մեծապես կնպաստի մեր ինքնության կարևորագույն բաղկացուցիչների համակողմանի գիտակցմանը:
.

.
Պավել Սարգսյան
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն
Մեր նպատակներից մեկն էլ հանրությանը ՀՀ պետական խորհրդանշանների ամենամյա տոն սահմանելու և հունիսի 15-ին` «ՀՀ դրոշի մասին», «ՀՀ զինանշանի մասին» 2006թ օրենքի ընդունման օրը, այդ տոնական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ մեր նախաձեռնություն-ծրագրին ծանոթացնելն ու նախապատրաստելն է: Մեր դռները բաց են բոլորի համար, ովքեր պատրաստակամ են իրենց ներկայությունն ու մասնակցությունն ապահովել հունիսի 15-ի տոնակատարությանը:
Այսօրինակ նախաձեռնություններն ու միջոցառումները մեզ ավելի համախմբված ու միասնական են դարձնում: Վստահ եմ` սրանք արժեքներ են, որոնք ոչ մի հայի անտարբեր չեն թողնի:
.
.
ՀՀ պետական խորհրդանշանների օրվա տոնական քայլերթի ծրագիրը
Միջոցառման անվանումը` ՀՀ պետական խորհրդանշանների օր
Միջոցառման անցկացման օրը` 15 հունիսի 2013թ.
Հիմնավորումը` 2006-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» գործող օրենքները
Միջոցառման անցկացման վայրը` ք. Երևան, ՀՀ մարզեր և Արցախ
Նախաձեռնելով Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների տոնի հանդիսավոր և համաժողովրդական արարողակարգի կազմակերպումը` մենք նպատակ ունենք հայ ժողովրդին և միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք և խորը հարգանք ձևավորել հայկական պետականության կարևորագույն խորհրդանշանների նկատմամբ: ՀՀ պետական խորհրդանշանների տոնի կազմակերպման հիմնական սկզբունքը ժողովրդականության ապահովումն է: Տոնին պետք է մասնակցեն սոցիալական բոլոր խմբերի ներկայացուցիչները: Հունիսի 15-ը պիտի համընդհանուր տոնախմբություն դառնա` համախմբելով երիտասարդությանը, հոգևորականությանը, մշակույթի, սպորտի, գիտության և մյուս ոլորտների ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին:
Տոնին մասնակցելու են հիմնականում դպրոցականները, ուսանողները, առհասարակ երիտասարդները, ովքեր էլ հենց ներկայացնում են նպատակային խումբը:
Կայքը թարմացվել է` 15.01.2013թ.








