1826-1828թթ պատերազմից հետո Էրիվանյան (Երևանյան) խանությունը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, իսկ 1828թ-ին, համաձայն Թուրքմենչայի պայմանագրի, Ռուսաստանի կազմում ստեղծվեց Հայաստանի մարզը: 1833թ-ի փետրվարի 27-ին հաստատվեց զինանշանը (կհի-2. Ց.8, №6064):
Ռուսական կայսրությունում Հայաստանի համար հատուկ դրոշներ գոյություն չունեին:
Կարլ Ալյարդի ՙՀոլանդական նոր նավաշինություն՚ հանրահայտ գրքում (1707թ) ներկայացված է ՙմոսկովյան փոխարքայի՚ դրոշի նկարը` կարմիր, կապույտ և դեղին զոլերով պաստառ, մեջտեղում` արևմտյան ոճով երկու խաչված սուր, որոնք համադրված են 11 սպիտակ 8 գագաթանի աստղերի հետ: Ռուսական աղբյուրներում այդպիսի դրոշ չի հիշատակվում, անհայտ է նաև փոխարքայի պաշտոնը: Ա. Ուսաչևի կարծիքով` այդպիսին պիտի լիներ հայոց ՙթագավոր՚, հայ ազատագրական շարժման առաջնորդ Իսրայել Օրիի (1658-1711թթ) դրոշը:
1706թ-ին Իսրայել Օրին գործուղվեց Ամստերդամ` որպես ռուսական բանակի գնդապետ` զինվորական մասնագետներ հավաքելու, զենք, հանդերձանք և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Իսրայել Օրին մի քանի ամիս անցկացրեց Ամստերդամում. Ա. Ուսաչևի կարծիքով` հենց այդ ժամանակ էլ, հնարավոր է, նա հանդիպել է Կարլ Ալյարդին` հայտնելով հայկական դրոշ ունենալու իր ցանկության մասին: Ինչպես հոդվածում նշում է Ա. Ուսաչևը, Կիլիկիա հայկական թագավորությունում (1080-1393թթ), Ռուբինյանների իշխանության օրոք, հավանաբար արդեն կար եռագույն` կարմիր-կապույտ-դեղին դրոշը, որի զոլերը խորհրդանշում էին Լևոն VI թագավորին և նրա երկու եղբայրներին` պատրիարքին ու զորքերի հրամանատարին: Երկու խաչված սրերը խորհրդանշում էին Թուրքիայի և Պարսկաստանի միջև զինված պայքարը: 11 սպիտակ 8 գագաթանի աստղերը ներկայացնում էին հայոց իշխանների քանակը. այն իշխանների, ովքեր 1699թ-ին Անգեղակոթում (Արցախ) հավաքվել էին գաղտնի խորհրդակցության` ապստամբություն նախապատրաստելու նպատակով: