ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները և օգտագործման կարգը:
Հոդված 2. | Հայաստանի Հանրապետության օրհներգը |
1. Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:
4. Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի հավելվածով հաստատված երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ:
Հոդված 3. | Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումը |
1. Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր կատարվում է`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման արարողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելիս.
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ պաշտոնական և հանդիսավոր արարողությունների ժամանակ.
գ) Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացման և փակման ժամանակ.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելիս.
ե) օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան.
զ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում առավոտյան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, և երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ, ինչպես նաև զինվորական կանոնագրքերով և կանոնադրություններով նախատեսված այլ դեպքերում.
է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններում՝ անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը ազդարարելիս.
ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ.
բ) պետական տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ժողովների ժամանակ.
գ) հուշարձանների, հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ:
3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում օրհներգի կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. | Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից |
1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր`
ա) հեռարձակման սկզբին և ավարտին.
բ) ժամը 6.00-ին և 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում.
գ) Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումները կարող են օգտագործվել ձայնագրությամբ, տեսագրությամբ հեռուստառադիոհեռարձակման միջոցով:
Հոդված 5. | Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը մարզական միջոցառումների ժամանակ |
Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման ժամանակ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 6. | Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործումը |
Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. | Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող միջոցառումների ժամանակ |
Հայաստանի Հանրապետության պետական կամ այլ պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող պաշտոնական ու հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը հնչում է Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին և տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 8. | Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները |
1. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ՝ առանց գլխարկի:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով:
3. Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:
Հոդված 9. | Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում |
Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 10. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 11. | Անցումային դրույթ |
Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր հայրենիքն» է (տեքստն ու երաժշտությունը սահմանված են սույն օրենքի հավելվածում): Այն ուժի մեջ է մինչև Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունը օրենքով սահմանելը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2006 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-252-Ն |
Հավելված
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԸ
(խոսքերը` Միքայել Նալբանդյանի)
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Աղբյուրը` arlis.am