ՀՀ դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգի մասին

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. ապրիլի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 1-ի N 358-Ն որոշման

Ա Ր Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԻՋԵՑՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ

1. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը բխում է պետական դրոշների նկատմամբ միջազգայնորեն կիրառվող սկզբունքներից: Այն ներառում է պետական դրոշների հետ վարվելու ավանդական կանոնները, ինչպես նաև բովանդակում է գործածման համար սահմանված արգելքները:

2. Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում և իջեցվում է հանդիսավորությամբ: Իջեցվելիս դրոշը չպետք է դիպչի գետնին կամ որևէ այլ առարկայի` բացառությամբ ձեռքերի:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է միշտ բարձրացվի առաջինը, իսկ իջեցվի` վերջինը:

4. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացված լինի լուսաբացից մինչև մայրամուտ, համապատասխան լուսավորության դեպքում դրոշը կարող է բարձրացված մնալ նաև գիշերային ժամերին:

5. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման և իջեցման ժամանակ բոլորը հոտնկայս` դեմքով շրջված են դեպի դրոշը:

6. Հայաստանի Հանրապետության դրոշը փոխանցվում է հանդիսավորությամբ, ձեռքից ձեռք` Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո: Փոխանցման ժամանակ դրոշը պետք է լինի մոտավորապես 75 աստիճան անկյան տակ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Աղբյուրը` arlis.am