Մամուլը մեր մասին

Aysor.am լրատվական կայք

ՀՀ պետական խորհրդանշանները մեծարող ակցիաներ` նաև մարզերում

Երեկ երեկոյան ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկեց ՀՀ պետական խորհրդանշանների օրվան վիրված տոնական քայլերթը, որն անցկացվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամաբ` ավելի քան 5000 պատանիներ և երիտասարդներ, «Հայաստան» վանկարկելով, անցան Նալբանդյան և Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և դարձյալ վերադարձան Հանրապետության հրապարակ։ Տոնական քայլերթին ներկա էին երիտասարդներ մայրաքաղաքից, մարզերից, սփյուռքից։ Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում երթին միացան «Փյունիկ» հաշմանդամների միության անդամները։ Մաշտոցի պողոտայից քայլերթին միացան «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները: Ամբողջ միջոցառումն ուղեկցվում էր հայրենասիրական երգերով։

Տոնական քայլերթը կազմակերպվել էր «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Ըստ տեղեկատվության Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ հաջորդ տարվանից ՀՀ պետական խորհրդանշանները մեծարող նման ակցիաներ նախատեսվում է իրականացնել նաև ՀՀ մարզերում։

Հիշեցնենք, որ «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, և արդեն երկրորդ տարին է, ինչ հունիսի 15-ը Հայաստանում նշվում է որպես ՀՀ պետական խորհրդանշանների օր։

 

Հայnews.am լրատվական կայք

5000 պատանիներ և երիտասարդներ` Հայոց եռագույնով

Հունիսի 15-ին՝ ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկեց ՀՀ պետական խորհրդանշանների օրվան վիրված տոնական քայլերթը, որն անցկացվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։
2006թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները։ Արդեն երկրորդ տարին է, ինչ հունիսի 15-ը նշվում է որպես ՀՀ պետական խորհրդանշանների օր։
Ավելի քան 5000 պատանիներ և երիտասարդներ, «Հայաստան» վանկարկելով, անցան Նալբանդյան և Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և դարձյալ վերադարձան Հանրապետության հրապարակ։ Տոնական քայլերթին ներկա էին երիտասարդներ մայրաքաղաքից, մարզերից, սփյուռքից։ Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում երթին միացան «Փյունիկ» հաշմանդամների միության անդամները։ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկից երթը գլխավորեց ՀՀ ոստիկանության մոտոցիկլավարների խումբը, որոնք էլ առաջնորդեցին շարասյունը դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Մաշտոցի պողոտայից քայլերթին միացան «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները։ Ամբողջ միջոցառումն ուղեկցվում էր հայրենասիրական երգերով։
Տոնական քայլերթը կազմակերպվել էր «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, այս միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով երիտասարդական կառույցներ, անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական հայացքներից։ «Երիտասարդներն այսօր համախմբվել են ՀՀ պետական խորհրդանշանների շուրջ։ Երիտասարդությունը շատ լավ հասկանում է ՀՀ պետական խորհրդանշանների դերը, նշանակությունը։ Մենք ամբողջ տարին պետք է կարողանանք տոն դարձնել՝ մեծարելով մեր պետական խորհրդանշանները։ Նման ակցիաներն են նաև, որ այսօրվա երիտասարդի մեջ սերմանում են սեր և ակնածանք հայրենիքի, պետականության նկատմամբ»,- նշեց Կարեն Ավագյանը։ Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից ՀՀ պետական խորհրդանշանները մեծարող նման ակցիաներ նախատեսվում է իրականացնել նաև ՀՀ մարզերում։

Հայաստանի Հանրային ռադիո

Քայլերթ` նվիրված ՀՀ պետական խորհրդանշաններին

Հինգ տարի առաջ, 2006 թվականի հունիսի 15-ին մեր երկրի Ազգային Ժողովը ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» գործող օրենքները: Ի նշանավորումն ՀՀ պետական խորհրդանշանների օրվա` վաղը երեկոյան մայրաքաղաքում կկայանա տոնական քայլերթ, որը կանցկացվի վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս միջոցառումը նախաձեռնել է «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Հունիսի 15-ին նշվում է Հայաստանի Հանրապետության խորհրդանշանների օրը: Նախաձեռնելով այս տոնի հանդիսավոր և համաժողովրդական արարողակարգի կազմակերպումը` կայանալիք քայլերթի կազմակերպիչները նպատակ ունեն հայ ժողովրդին և միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր հանրապետության խորհրդանշանները, ակնածանք և խորը հարգանք ձևավորել հայկական պետականության կարևորագույն խորհրդանշանների նկատմամբ:

Ինչպես նշեց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, ՀՀ պետական խորհրդանշանների տոնի կազմակերպման հիմնական սկզբունքը ժողովրդականության ապահովումն է:

Սպասվում է, որ երիտասասարդական քայլերթին կմասնակցի շուրջ 5 հազար մարդ: Այն կսկսվի ժամը 20-ին և կտևի մեկուկես ժամ: Նշենք նաեւ, որ այս միջոցառման անցկացման հայտն ի գիտություն է ընդունվել Երևանի քաղաքապետարանի կողմից:

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

«Հենարան» մամուլի ակումբ

Տոնական քայլերթ

Հայաստանի երիտասարդական եւ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամների նախաձեռնությամբ ՀՀ պետական խորհրդանշանների օրվա առթիվ տոնական քայլերթ է անցկացվելու Երեւանում, որը տեղի կունենա հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։

ՀՀ պետական խորհրդանշանների օրվա առթիվ անցկացվող տոնական քայլերթը կմեկնարկի հունիսի 15-ին՝ ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակից։

Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, նման միջոցառումների կազմակերպումը նպատակ ունի բնակչության և մասնավորապես երիտասարդության շրջանում պրոպագանդել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք և խորը հարգանք ձևավորել հայկական պետականության կարևորագույն խորհրդանշանների նկատմամբ:

«Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ թե կազմակերպիչները, թե մասնակիցները երիտասարդներ են։ Խորհրդանշանների հետ կապված յուրաքանչյուր միջոցառում խիստ կարևոր է, քանի որ դրանք են մարմնավորում մեր համախմբվածությունը։ Այդպիսով մենք բարձրացնում ենք մեր պետական խորհրդանշանների դերն ու նշանակությունը»,- նշեց Կ. Ավագյանը՝ ավելացնելով, որ նման միջոցառումները հանրությունը համախմբելու ևս մեկ առիթ են։

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը նշեց, որ ՀՀ պետական խորհրդանշանների օրվա առթիվ անցկացվող տոնական քայլերթն անցկացվում է հունիսի 15-ին, քան որ հենց այդ օրն են ընդունվել «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները։ “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ՝ քայլերթի մեկնարկին ներկա կլինի մոտ 3000 մասնակից, քայլերթի ընթացքում կմիանան տարբեր խմբեր, կառույցներ։

Ակնկալվում է, որ ամբողջ քայլերթին կընդգրկվի շուրջ 5000 մասնակից։ Մասնակիցները կանցնեն Նալբանդյան և Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և դարձյալ կվերադառնան Հանրապետության հրապարակ։

Ասուլիսի բանախոսները կարևորեցին այն հանգամանքը, որ տոնին մասնակցելու են հիմնականում դպրոցականները, ուսանողները, առհասարակ երիտասարդները: Թիրախային խումբը հիմնականում երիտասարդներն ու դպրոցականներն են, քանի որ քաղաքացիական հասարակություն կերտելու, ազգային ու պետական արժեքներ սերմանելու, ազգային գաղափարախոսություն հանրահռչակելու քարոզչության համար լավագույն զանգվածը մանուկներն ու երիտասարդներն են, ճկուն և ընկալունակ նորահաս սերունդը:

 

«Արմենպրեսս» հայկական լրատվական գործակալություն

Տոնական քայլերթ` նվիրված ՀՀ պետական խորհրդանշանների օրվան

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների օրվա առթիվ հունիսի 15-ին կանցկացվի տոնական քայլերթ, որը կանցկացվի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն կանցկացվի «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, ՀՀ պետական խորհրդանշանների օրվա առթիվ անցկացվող տոնական քայլերթը կմեկնարկի ժամը 22:00-ին Հանրապետության հրապարակից: Քայլերթի մասնակիցները կանցնեն Նալբանդյան եւ Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եւ դարձյալ կվերադառնան Հանրապետության հրապարակ: «ՀՀ պետական խորհրդանշանների օրվա հանդիսավոր եւ համաժողովրդական արարողակարգի կազմակերպումը նպատակ ունի բնակչությանը եւ մասնավորապես երիտասարդության շրջանում պրոպագանդել, միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք եւ խորը հարգանք ձեւավորել հայկական պետականության կարեւորագույն խորհրդանշանների նկատմամբ»,- նշեց Պ. Սարգսյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի խոսքով’ միջոցառումն առաջին հերթին կարեւորվում է նրանով, որ այն անցկացվում է երիտասարդների ջանքերով եւ նրանց մասնակցությամբ, «քանի որ նրանք առաջինը պետք է գիտակցեն խորհրդանշանների դերն ու կարեւորությունը»: Կ. Ավագյանի խոսքով’ ցանկացած նմանատիպ ծրագիր ունի նաեւ ճանաչողական նշանակություն: «Մենք սիրում ենք մեր երկիրը եւ այդ իսկ պատճառով այդ խորհրդանշանների կրողը պետք է լինենք»,- շեշտեց բանախոսը:

Պավել Սարգսյանի կանխատեսմամբ’ քայլերթին կմասնակցի շուրջ 5 հազար անդամ:

 

Panorama.am տեղեկատվական կայք

Տոնական քայլերթ ՝ նվիրված ՀՀ պետական խորհրդանշանների օրվան

Հունիսի 15-ին Երևանում կնշվի ՀՀ պետական խորհրդանշանների օրը։ «Մենք» ազգային արժեքների պահպանամն հիմնադրամից հայտնում են, որ տոնի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն միջոցառումներ: Տոնակատարության առանցքային մասը տոնական քայլերթն է, որը կմեկնարկի ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակից։

Տոնական քայլերթի բազմաթիվ մասնակիցները կանցնեն Նալբանդյան և Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և նորից կվերադառնան Հանրապետության հրապարակ։
«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվեց 2010 թվականի հունիսի 15-ին։

ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

“Armedia” տեղեկատվական-վերլուծական գործակալություն

ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՏՈՆԸ ԿՍԵՐՄԱՆԻ ՀԱՐԳԱՆՔ ԵՎ ՍԵՐ

Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանը ՀԽ լիագումար նիստում առաջարկեց պետական տոնացույցը լրացնել եւս մեկ տոնով` Պետական դրոշի օրով: Նախաձեռնությունը «Մենք մեր մասին» ամսագրին էր, ով այս առաջարկով արդեն դիմել էր ՀՀ կառավարություն` ստանալով վարչապետի աջակցությունը: Եռագույն դրոշը տասնամյակների պատմություն ունի. այս դրոշը հայոց պետականության խորհրդանիշն է եղել դեռեւս 1918-1920թթ. առաջին հանրապետության կառավարությունում: Դրա մտահղացումը պատկանել է Ղեւոնդ Ալիշանին եւ խորհրդանշել է հայ ժողովրդի ազատագրության համար թափված արյունը (կարմիր), կապույտ երկինքը եւ հայկական ծիրանին: Ալիշանը նշում է նաեւ, որ որդեգրել է այդ գաղափարը Ռուբինյան հարստության վերջին շրջանի դրոշների գուներանգներից: Երկրորդ հանրապետությունում պետական դրոշի մասին օրենքն ընդունվել է 1990թ. օգոստոսի 24-ին, իսկ այսօր գործում է 2006թ.-ի հունիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության դրոշի մասին օրենքը:

Հանրային խորհրդի անդամները հիմնականում կողմ էին նախագծին, իսկ քննարկումներում հիմնական շեշտը դրվում էր այն բանի վրա, թե ինչքանո՞վ կարող է այդ տոնի հռչակումը նպաստել պետական խորհրդանիշների եւ պետականության եւս մեկ անգամ արժեւորմանը, թե արդյո՞ք արդեն առկա մայիսի 28-ի եւ սեպտեմբերի 21-ի տոները չեն ապահովում այդ նպատակը, թե հատկապես որ օրը պետք է այն նշել եւ այլ հարցեր: Բազմաթիվ հնչած կարծիքների մեջ առանձնանում էր ՀԽ անդամ Լիլիթ Ասատրյանի խոսքը.-«Ես երազում եմ այն մասին, որ մենք, անցնելով տարբեր բնակավայրերով, կտեսնենք պատշգամբներից ու պատուհաններից կախված դրոշներ: Սա կարող է հանդիսանալ այն տոնը, որը մարդկանց մեջ կսերմանի հագանք ու սեր հենց պետականության եւ երկրի հանդեպ»-ասում է նա: Քննարկումների արդյունքում Հանրային խորհուրդը հավանության արժանացրեց նախագիծը, եւ, տոնի օրը որոշելու հարցը թողնելով պետկան մարմիններին, որոշեց հավանություն տալ ՀՀ պետկան դրոշի հիմնադրման գաղափարին եւ այն ներկայացնել ՀՀ նախագահին եւ պետական այլ մարմիներ` առաջարկի իրականացմանն օժանդակելու նպատակով:

Հասմիկ Հովհաննիսյան

«Երիտասարդ» երիտասարդական online պարբերական

Նշվելու է ՀՀ պետական դրոշի տոնը

Այսուհետ հայերն ազգովի նշելու եւս մեկ տոն կունենան

Հունիսի 15-ին Երեւանում նշվելու է ՀՀ պետական դրոշի տոնը, որն ամենամյա դառնալու լուրջ հայտ է ներկայացնում: Նախաձեռնությունը պատկանում է «Մենք մեր մասին» ամսագրին: Իսկ Կառավարությունը հավանություն է տվել: Տոնը նշելու համար ընտրվել է հենց այդ օրը, որովհետեւ «ՀՀ դրոշի մասին» օրենքն ընդունվել է 2006 թ-ի հունիսի 15-ին:

Կազմակերպիչներն իրենց առաջ խնդիր են դրել տոնական բարձրակարգ միջոցառումներով նպաստել հայերի եւ արտասահմանից ժամանած հյուրերի շրջանում ազգային կարեւորագույն արժեքներից մեկի` դրոշի նկատմամբ առավել ջերմ վերաբերմունքի ձեւավորմանը: Ակնկալվում է, որ դրական ու տոնական հույզերի շնորհիվ մեծ խանդավառություն կառաջանա` պետական դրոշի տոնը դարձնելով ավանդական, սիրելի ու սպասված:

Տոնակատարություններին մասնակցելու են հիմնականում դպրոցականները, ուսանողները, երիտասարդները եւ նրանք, ովքեր մի լավ ուրախանալու առիթը երբեք բաց չեն թողնում: Ներգրավված են լինելու նաեւ սփյուռքահայերը:

Նշված միջոցառումները նախատեսվում է անցկացնել մի շարք կառույցների ու գերատեսչությունների հետ` ՀՀ Կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ այլն:

Կազմակերպիչների հավաստմամբ, քանի որ այս տարի իրականացվում է ՀՀ պետական դրոշի տոնի անդրանիկ միջոցառումը, ապա այն կկենտրոնացվի միայն Երեւանում, իսկ հաջորդ տարիներին միջոցառումների աշխարհագրությունը կընդլայնվի:

Տոնակատարության առանցքը կազմելու է կազմակերպվելիք քայլերթը, որը լինելու է քաղաքացիական յուրօրինակ շքերթ: Քայլերթը սկիզբ է առնելու ՀՀ Կառավարության շենքի դիմացից եւ անցնելու է Նալբանդյան փողոցով, Սայաթ-Նովա պողոտայով, Ֆրանսիական հրապարակով եւ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մուտք է գործելու կրկին Հանրապետության հրապարակ:

Բոլոր ժամանակներում էլ դրոշը հայերի համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել: Հետաքրքիր է, որ տարբեր դարաշրջաններում եւ տարբեր դինաստիաների օրոք դրոշի վրա պատկերված է եղել արծիվ: Ինչ խոսք, արծիվը, անկախ իր պատկերից, հզորություն է խորհրդանշում: Իսկ ահա Տիգրան Մեծ թագավորի օրոք Հայաստանի գերբին պատկերված էր 7 գլխանի վիշապ:

Արշակունիների տոհմի օրոք ընդունվեց նոր գերբ` 1 գլխանի արծիվը` օձը կտուցով բռնած: Հայաստանի ամենահայտնի իշխանական տոհմերից մեկի` Մամիկոնյանների տոհմի դրոշը, հնարավոր է, ամենաճանաչվածն էր միջին դարերում. դրոշի վրա պատկերված է մագիլներով կենդանուն բռնած երկգլխանի արծիվ: Մեկ այլ տարբերակով` արծիվը աղեղ է պահում:

Հայ պատմաբանները վերականգնել են Մամիկոնյանների դինաստիայի գերբը` կենդանուն մագիլներով պահած երկգլխանի արծվի տեսքով: Գերբը վերականգնվել է հինավուրց եկեղեցիների քանդակապատկերների հիման վրա: Հայտնի է Դսեղ գյուղի եկեղեցու ճակատային մասի հնադարյան պատկերը (VII դ): Մամիկոնյանների խորհրդանիշի մասին անուղղակի հիշատակվում է Փավստոս Բուզանդի (V դ) «Հայոց պատմություն» աշխատությունում:

Իսկ մերօրյա դրոշը այսպիսին է. ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը` Հայաստանի Հանրապետության դրոշը, եռագույն է` վերեւից ներքեւ ձգվող կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար:

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի` խաղաղ երկնքի տակ ապրելու կամքը:

Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը:

Դրոշի լայնության եւ երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Հայաստանի հանրապետության դրոշի լայնության եւ երկարության հարաբերակցության սույն չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաեւ փոքր կամ մեծ չափի դրոշը:

Կարմիր` C:0, M:100, Y:100, K:0

Կապույտ` C:100, M:75, Y:0, K:0

Նարնջագույն` C:0, M:35, Y:100, K:0

Կառավարության որոշմամբ գործում է նաեւ ՀՀ դրոշի բարձրացման, իջեցման եւ փոխանցման կարգ:

ՀՀ դրոշը բարձրացվում եւ իջեցվում է հանդիսավորությամբ: Իջեցվելիս դրոշը չպետք է դիպչի գետնին կամ որեւէ այլ առարկայի` բացառությամբ ձեռքերի: ՀՀ դրոշը պետք է միշտ բարձրացվի առաջինը, իսկ իջեցվի` վերջինը: Այն պետք է բարձրացված լինի լուսաբացից մինչեւ մայրամուտ, համապատասխան լուսավորության դեպքում դրոշը կարող է բարձրացված մնալ նաեւ գիշերային ժամերին:

Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման եւ իջեցման ժամանակ բոլորը հոտնկայս` դեմքով շրջված են դեպի դրոշը: ՀՀ դրոշը փոխանցվում է հանդիսավորությամբ, ձեռքից ձեռք` Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո: Փոխանցման ժամանակ դրոշը պետք է լինի մոտավորապես 75 աստիճան անկյան տակ:

Ծովինար Կարապետյան

Panorama.am տեղեկատվական կայք

Հունիսի 15-ը` պետական դրոշի օր

Հունիսի 15-ին կնշվի ՀՀ պետական դրոշին նվիրված միջոցառում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական դրոշին նվիրված կայքից` https://yeraguyn.com/: Նախաձեռնության հեղինակն է «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը: Նախագիծը և տոնակատարությունը նպատակ ունեն հանրությանը նորովի ներկայացնել պետական դրոշը:

Տոնին մասնակցելու են հիմնականում դպրոցականներ, ուսանողներ, առհասարակ երիտասարդներ, ովքեր ներկայացնում են նպատակային խումբը:

«Հայոց աշխարհ» օրաթերթ

«ՄԵՆՔ»-Ի ՀԱՄԱԽՄԲՈՂ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆ ՈՒ ՈՂՋՈՒՆԵԼԻ ՔԱՅԼԸ

Էլեկտրոնային «փոստատարի»՝ www.yeraguyn.com համացանցային կայքից «բերած» նամակն ինձ իրոք հետաքրքրեց։ Եվ չնայած մեր ազգային ու պետական դրոշի ակնարկն ակնհայտ էր, բայց մտածեցի, թե հերթական տեղեկատվական կայքն է (երեւի մասնագիտությունս է «մեղավոր») եւ, անկեղծ ասած, հաճելիորեն զարմացա՝ նշված հասցեում հանդիպելով հունիսի 15-ը Հայաստանի պետական դրոշի օր նշելու գրավիչ նախաձեռնությանն ու առաջարկին։

Հասկանալի է, որ ծանոթությունը միայն վիրտուալ այցելությամբ չի ավարտվի, եւ որպես ինքնըստինքյան ենթադրելի շարունակություն, ազգային արժեքների պահպանման «Մենք» հիմնադրամի գրասենյակում երեկ զրույցի բռնվեցի այս «եռագույն մտահղացման» հեղինակ, «Մենք մեր մասին» ամսագրի տնօրեն, նշված հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրենի պաշտոնակատար ՊԱՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

-Ինչպե՞ս ծագեց Հայաստանի պետական դրոշի օր սահմանելու մտահղացումը։ Ո՞րն է նման տոն ունենալու անհրաժեշտությունը։

-Դրոշի օր նշելու գաղափարն իմն է, եւ մեր աշխատակազմի ու իմ ընկերների միջոցով ենք այս ամենը կազմակերպել՝ հասցնելով իրագործման ներկա փուլին։

Առաջին հերթին պետք է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ մեր հասարակության մեջ, կարծեք, չկա պատշաճ կամ ավելի շուտ՝ համարժեք սեր, հարգալից վերաբերմունք մեր պետական դրոշի նկատմամբ։ Եվ ոչ միայն դրոշի։ Մեր մյուս պետական խորհրդանիշերի՝ զինանշանի եւ օրհներգի հանդեպ ակնածանքով էլ առանձնապես աչքի չենք ընկնում։

Ճիշտ է, հատկապես վերջին տարիներին մայրաքաղաքի մի շարք կարեւոր վայրերում, հրապարակներում, բազմաթիվ կրթօջախների մոտ բարձրացվել է պետական դրոշը, նմանապես՝ նկատած կլինեք, որ ավելի շատ մարդիկ են, թեկուզ իրենց ավտոմեքենայի հողմապակուն փակցնում մեր եռագույնը, սակայն ընդհանուր առմամբ, դա դժվար է բավարար համարել։

Իսկ ի՞նչ է պետք՝ պետական խորհրդանիշերի հանդեպ համարժեք վերաբերմունքի համար։ Կարծում եմ, պետք է մեր խորհրդանիշերի թեմային հրատապություն հաղորդել, խոսել այդ մասին, ներկայացնել մեր խորհրդանիշերի ծագման պատմությունը, մի խոսքով՝ համապատասխան քարոզչություն ապահովել։

Ինքնին հասկանալի է, որ մեր բոլոր խորհրդանիշերը մեծ արժեք են ներկայացնում եւ հարուստ պատմություն ու նախապատմություն ունեն։ Այնինչ մարդիկ մեր, այսինքն՝ մեր բոլորի պետական խորհրդանիշերի մասին առանձնապես շատ բան չգիտեն։ Ուղղակի անտեղյակ են։ Տեղին է նկատել, որ այդ անհամարժեք վերաբերմունքը գալիս է անտեղյակությունից։ Հետեւաբար խնդիր կա այդ ամենը ճիշտ ձեւով ներկայացնել մեր հասարակությանը։ Իսկ տոնը, տոնական ու հանդիսավոր որեւէ ակցիա կամ միջոցառում խնդիրը ճիշտ ներկայացնելու լավագույն ձեւերից մեկն է։

Եվ չնայած որոշակի քայլեր, կրկնում եմ, կատարվել են, թե՛ պետական, թե՛ մասնավոր կազմակերպությունների կողմից, բայց սա այն դեպքն է, որ ինչքան շատ բան արվի, այնքան շուտ արդյունքի կհասնենք։ Իսկ արդյունք կարելի է համարել այն, որ հասարակության մեջ ձեւավորվի ակնկալված համարժեք, պատշաճ վերաբերմունք մեր պետական խորհրդանիշերի նկատմամբ, եւ յուրաքանչյուր քաղաքացի տիրապետի մեր խորհրդանիշերին առնչվող տեղեկատվությանը։

-Ինչո՞ւ եք առաջարկում «Դրոշի օրը» նշել հունիսի 15-ին։ Ի՞նչ եք նախատեսում այդ օրվա համար։

-Առաջարկում ենք հունիսի 15-ը, քանզի 2006 թվականի այդ օրն է ընդունվել «ՀՀ դրոշի մասին» գործող օրենքը, մտածեցինք, որ ավելի նպատակահարմար է հենց այդ օրն առաջարկել։ Իհարկե, կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ ոչ օգոստոսի 24-ին, երբ ընդունվել է Հայաստանի պետական խորհրդանիշերի մասին օրենքը։ Բայց, կարծում եմ, գործող օրենքի ընդունման օրը «վերցնելն» ավելի նախընտրելի է։

Բացի այդ, կային նաեւ զուտ գործնական նկատառումներ, մասնավորապես հաշվի առնելով այն, որ օգոստոսի 24-ը ամռան վերջն է ու առանձնանում է սաստիկ շոգ եղանակով, իսկ մենք ցանկանում ենք հնարավորինս շատ մարդ մասնակցի այդ օրվա տոնական քայլերթին, ի վերջո ընտրեցինք հունիսի 15-ի տարբերակը։

Ինչպես արդեն նշեցի, հիմնական միջոցառումը լինելու է հունիսի 15-ի տոնական քայլերթը, որի մեկնարկը նախատեսում ենք երեկոյան, ժամը 19։30-ին։ Նախատեսում ենք, որ «եռագույն երթը» կանցնի. Հանրապետության հրապարակ-Նալբանդյան- Սայաթ-Նովա-Մաշտոցի-Ամիրյան փողոցներով ու պողոտաներով, եւ ավարտվելու է այնտեղ, որտեղից մեկնարկել է՝ Հանրապետության հրապարակում, կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։ Մտածում ենք նաեւ խորհրդանշական մի գործողություն, որով հարգանքի տուրք կմատուցվի Առաջին Հանրապետության հիմնադիրներին։

Բացի այդ, հունիսի 15-ին ընդառաջ, 30 հազար օրինակով տպագրվելու է մեր ամսագրի հատուկ թողարկումը՝ նվիրված մեր պետական խորհրդանշերին, եւ այդ համարն անվճար բաժանվելու է քայլերթի մասնակիցներին։ Կցանկանայի նշել նաեւ, որ սա հախուռն մտահղացում կամ նախաձեռնություն չէ։ Մենք զրուցել ենք բազմաթիվ մարդկանց հետ, տարբեր բնագավառների, տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքները եւ հետո միայն ձեւակերպել մեր առաջարկությունը:

Զրուցեց ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Թերթ.am լրատվական կայք

Տոնական քայլերթ՝ նվիրված հայոց եռագույնին

Հունիսի 15–ը Հայաստանում նշվում է որպես հայոց եռագույնի օր: 2006թ այդ օրը ընդունվել է ՀՀ պետական դրոշի մասին օրենքը:

Այդ առնչությամբ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը կազմակերպում է տոնական քայլերթ, որը կսկսվի հունիսի 15–ին, 17.30, կառավարության շենքի դիմացից, կանցնի Նալբանդյան փողոցով, Սայաթ Նովա փողոցով, Ֆրանսիական հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Քայլերթին հրավիրվում են մասնակցելու բոլոր ցանկացողները։